Օլիմպիական Սոչի Վլադիմիր Պուտինի տեսչական այցը տխուր հետեւանքների է բերել: Երկրի ղեկավարը հատկապես զայրացել է նրանից, որ դահուկացատկի համալիրի շինարարությունն անավարտ է եղել (շահագործման պիտի հանձնված լիներ դեռեւս երկու տարի առաջ), իսկ այն ամբողջացնելու համար արդեն ոչ թե 1,2 միլիարդ ռուբլի է հարկավոր, այլ` ամբողջ ութ միլիարդ:
Մի կողմ թողնենք պուտինյան ցասումի հետեւանքները` Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի փոխնախագահի ու «Հյուսիսային Կովկասի հանգստյան գոտիներ» ընկերության նախագահի պաշտոններից Ահմեդ Բիլալովի աշխատանքից ազատելը, ով անմիջական կապ ունի դահուկացատկի համալիրի շինարարությունը իրականացնող «Կրասնայա Պոլյանա» ընկերության հետ: Գալիս է պահ, երբ գիլյոտինն անխուսափ պիտի գործողության մեջ դրվի: Կոնկրետ այս պարագայում այն դրվել է եւ սկզբունքորեն էական էլ չէ, որ դրա ետեւում քաղաքական խաղեր են նշմարվում: Շրջանցենք վերջինս, քանի որ որ այն մեր այսօրվա դիտարկման շրջանակներից դուրս է:
Սոչիում օլիմպիական խաղեր անցկացնելու գաղափարն ընհանուր առմամբ երկրի բյուջեի վրա նստել է (նստելու է ) 1,5 տրիլիոն ռուբլի` գումարած 700 միլիարդ «կամավոր» հիմունքներով ներգրավված ներդրումները: Սակայն շատ ավելի հետաքրքիր է այս բնակավայրն օլիմպիական դարձնելու գաղափարը: Հայտնի է, որ Սոչին մերձարեւադարձային գոտում գտնվող քաղաք է, իսկ սա նշանակում է, որ այստեղ կառուցված ձմեռային մարզապալատները (դրանք երեքն են) խաղերից հետո խոշոր հաշվով մատնվելու են անգործության եւ դառնալու են ոչ այլ ինչ, քան պետության վզին նստած հերթական կառույցներ, որոնք վերջնականապես չկորցնելու համար բյուջեն կանոնավորապես ներարկումներ պիտի անի դրանց պահպանման ծախսերը հոգալու համար:
Սոչիի մերձարեւադարձային գոտում գտնվելը միաժամանակ նշանակում է, որ հյուրանոցները կառուցվել ու կառուցվում են ծովեզրին, իսկ մրցումները, հասկանալի է, անցկացվելու են լեռներում, որովհետեւ ձյունն այնտեղ է, մարզակառույցներն` այնտեղ: Սա էլ իր հերթին նշանակում է, որ մի քանի տասնյակ հազարի հասնող մարդկանց (մասնակիցներ, հանդիսատեսներ, պարզապես զբոսաշրջիկներ) ժամանակին մրցավայր բերելու համար օբյեկտիվորեն անհրաժեշտ է եղել կառուցել ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներ, որոնց վրա ծախսվել է 220 միլիարդ ռուբլի:
Պիտի՞ կառուցվեին: Իհարկե` պիտի կառուցվեին:
Սակայն կավարտվի մարզական այս խոշոր միջոցառումն ու այդ հսկայան գումարներով իրականացված ճանապարհաշինությունը կդառնա անհարկի, ավելորդ, տնտեսապես չարդարացված շքեղություն, քանզի սովորական տուրիստական հոսքը դեպի լեռներ, լեռներում կառուցված մարզակառույցներ կարելի է հանգիստ իրականացնել ավտոմոբիլային ճանապարհով: Փակագծերում միջանկյալ նկատենք, որ մարզակառույցները նախագծվել են որպես հավաքովի շինություններ, ինչը հստակ նշանակում է, որ նախապես հստակ հաշվի է առնվել դրանց միանգամայն սպասվելի թերբեռնվածությունը կամ, պարզապես անգործությունը ու, ըստ անհրաժեշտի, դիտարկվել է այլ վայր տեղափոխելու հնարավորությունը:
Փաստորեն ի՞նչ է ստացվում:
Ստացվում է այն, որ մարդկանց որոշակի խմբի կողմից օլիմպիադայից օգուտ ստանալու միակ հիմնական ու կայուն սկզբուքն ի սկզբանե դիտարկվել է գողությունը, թալանելը, օլիմպիադայի անվան տակ իրենց ձեռնտու շինությունները` հյուրանոցներ, ռեստորանային համալիրներ, գիշերային ակումբներ, զվարճանքի այլ օբյեկտներ եւ այլն, իրենց ուզած վայրերում կառուցելը, հանրային շահի անվան տակ ծովափնյա յուղոտ հողակտորներն իրենց ձեռքում կենտրոնացնելը:
Խոշոր հաշվով ստացվում է այն, որ օլիմպիակա այս ողջ բարիքը` մարզակառույցներից սկսած մինչեւ հարակից շինություններ` Սոչի տանող խելահեղ գներով, գիշերատեղի աստղաբաշխական վճարումներով, պետության համար վերջնահաշվում դառնում է անձեռնտու տնօրինման գույք ու ջրի երես է լողում պարզունակ ճշմարտությունը` դրանք կառուցելն էր մնում ձեռնտու` ձեռնտու, սակայն կառուցողների ու նրանց թիկունքում եղածների համար:
Եւ, այնուամենայնիվ, ինչո՞ւ ու ո՞ւմ մտքով անցավ մերձարեւադարձային գոտում գտնվող Սոչին ընտրել ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման վայր այն դեպքում, երբ համապատասխան կլիմայական գոտի ունեցող տարածքներ Ռուսաստանում ինքան ասես կան ու սկզբունքորեն ոչ կատաղի փողեր ծախսելու խնդիր կար, ոչ լեռներ տաշելու խնդիր, ոչ էլ բնության ցասումն առաջացնելու խնդիր` ոչ միայն հսկայական անտառաշերտ ոչնչացնելու, կենդանական աշխարհի ապրելու բնամիջավայրը կազմաքանդել-ավիրելու (այստեղ գտնվող բազմաթիվ կենդանատեսակներ գրանցված են Կարմիր գրքում), այլեւ երկրաշարժ առաջացնելու տեսքով:
Ա~, պարզվում է` ինչ որ մեկին դուր էր եկել այդ կողմերում տարին մեկ-երկու անգամ Պուտինի «լիժա» քշելն ու որոշել էր սեփական «քամակաբնակությունը» հաճելիորեն համատեղել փող աշխատելու հետ:
Ի դեպ` մեզանում էլ «լիժա» քշելու սիրահար մեկը կար:
Այսինքն` ինչո՞ւ միայն «լիժա» քշելու:
Բա «Բուրա՞նը»:
Նա էլ մենակ չէր իր սիրո մեջ: Կողքին պակա՞ս «լիժայասեր» ու «բուրանասեր» բանակ կար` սեփական անձի համար շահավետ կառուցողական հստակ ջիղով:
Ի դեպ` չեմ կարծում, թե պետությունում կարգուկանոն հաստատելուց հետո չի բացվելու հանգստյան գոտի վերածելու անվան տակ Ծաղկաձորը պապենական սեփականություն դարձրածների գործը:
Սպասեք տեսնենք, թե էս ընտրություններն ինչ են լիելու, հետո կխոսենք:
Առաջն Աստված:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ